ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Հռոմում ապրիլի 19-ին, հնարավոր է, կայանա ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Axios-ին հայտնել են երկու իրազեկ աղբյուրներ։
Տեղեկությունների համաձայն՝ Թրամփի վարչակազմը գոհ է եղել Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլից, որն ընթացել էր ըստ պլանի և անուղղակի ձևաչափով և ցանկանում է այն փոխել ուղիղ ձևաչափի։
Նշվում է, որ թեև բանակցությունների երկրորդ փուլն Օմանում չի կայանա, սակայն ներկա կլինեն Օմանի միջնորդները։
ԱՄՆ-ն առաջարկել է բանակցությունների անցկացման վայրը տեղափոխել Հռոմ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու գլխավոր բանակցողները՝ ԱՄՆ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին զրուցել են մոտ 45 րոպե։
ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև ութ տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակի երկխոսությունը որակվել է որպես «բովանդակային, լուրջ և գերազանց»:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ բանակցություններն ակնհայտորեն սկսվել են անվստահության զգացումով։ Իրանցիները բարձրացրել են այն փաստը, որ նախագահ Թրամփը դուրս է եկել նախորդ գործարքից և մտահոգություն հայտնել, որ ԱՄՆ-ն կարող է կրկին հեռանալ։ Ամերիկյան կողմն իր հերթին կասկածներ է հայտնել միջուկային ծրագրի հետ կապված Իրանի մտադրությունների վերաբերյալ։
Սակայն երկու կողմերի պաշտոնյաները նշել են, որ ապրիլի 12-ի բանակցություններից հետո առաջ տանող ճանապարհ են տեսնում:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ակնկալվում է, որ բանակցությունների երկրորդ փուլից առաջ կայցելի Թեհրան՝ քննարկելու Իրանի միջուկային օբյեկտներում ԱԷՄԳ-ի մոնիտորինգի և ստուգման գործունեությունը:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ իրանա-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 19-ին։
Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործարք կնքի, հակառակ դեպքում սպառնացել էր ռազմական հարվածներ հասցնել: Թեհրանը, սակայն, չի վստահում Թրամփին, որը 2018 թվականի մայիսին միակողմանիորեն դուրս էր եկել 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից և 2025թ․-ի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո վերահաստատել Թեհրանի դեմ առավելագույն ճնշման իր արշավը:
Իրանն իր հերթին հայտարարել է, որ ճնշման տակ չի բանակցելու:
--00--ԱՀ