ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Երևան-Արարատ ճանապարհը փակած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից դժգոհող անասնապահները Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ զրուցելուց հետո համաձայնվեցին երեկոյան Արարատի մարզպետարանում քննարկելու խնդիրը:
«Օրենքը ընդունելուց ինչու չքննարկեցին ֆերմերների հետ, կովն ու խոզն իրարից չեն տարբերում, հիմա էլ օրենք են հորինում: Հարցին պետք է լուծում տրվի հօգուտ գյուղացու, ոչ թե Կառավարության»,- ասաց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը:
Երևան-Արարատ ճանապարհը փակած անասնապահների հետ հանդիպման եկած Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն առաջարկեց հարցը տեղափոխել կառուցողական դաշտ: Նա նշեց, որ մարզպետարանում սպասելու է բողոքի ակցիա իրականացնողներին՝ սպանդանոցների հետ կապված հարցերը քննարկելու համար:
Անասնապահները համաձայնեցին Գարիկ Սարգսյանի առաջարկին և բացեցին Երևան-Արարատ ճանապարհը. «Բայց եթե մեր հարցին լուծում չտաք, օդանավակայանն էլ ենք փակելու, սաղ ենք փակելու», - սպառնացին նրանք։