ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ մարտի 2-ին ստորագրած կարգադրությամբ՝ Երևանի քաղաքապետարանի 20 աշխատակից փետրվարին աշխատանքի համար պարգևատրվել է ընդհանուր առմամբ 6.590.000 ՀՀ դրամով։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքէջից:
Որոշման համաձայն՝ պարգևատրումները կատարվել են աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար:
Պարգևատրված 20 աշխատակիցներից են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, տեղակալներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ յուրաքանչյուրը 480.000 դրամի չափով, իսկ քաղաքապետարանի վարչության պետերը՝ յուրաքանչյուրը 265.000 դրամի չափով։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և վարչական շրջանի ղեկավարները պարգևատրվել էին նաև տարեսկզբին: Նրանց հատկացվել էր ընդհանուր 24.8 միլիոն դրամ պարգևավճար որպես խրախուսանք բարեխիղճ աշխատանքի համար և ևս 600.000 դրամ պարգևավճար Ամանորի միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար։