ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Իջևանի ուղղությամբ ժամը 12-12։30–ին հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետևանքով որևէ վնասներ կամ տուժածներ չկան։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Խոսնակը նշեց, որ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններին, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, ՊՆ խոսնակն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Նաև հավելեց, որ հայկական կողմը հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը և չի թիրախավորում խաղաղ բնակավայրերը։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ադրբեջանական կողմը կրակել էր Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի ուղղությամբ։ Հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել էր սահմանամերձ գյուղը։