ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Մարտի 9-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը, և մինչև օրս էլ հիվանդանոցում է գտնվում։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց ՔԿՀ մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քոչարյանի փաստաբանները չէին բացառել, որ մարտի 17-ի Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահը ևս կմասնակցեր։ Նիստը, սակայն, չկայացավ՝ դատավորի վատառողջ լինելու պատճառով։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները 24News-ի հետ զրույցում նշել էին, որ Քոչարյանի առողջական վիճակի հետ կապված դրական նշաններ կան, սակայն դեռևս չկա հստակ բժշկական եզրակացություն։
ՔԿՀ-ում չէ նաև պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման համար մեղադրվող Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը։ Փետրվարի 11-ին Խաչատրյանը տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն և մինչև օրս էլ գտնվում է այնտեղ։