ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
«Թել-Սել» ընկերությունը ապրիլի 1-ից մեկնարկում է մանրածախ առևտրի օբյեկտներն անհպում վճարման հատուկ սկաներներով զինելու ծրագիրը:
«Կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել մարդկանց հետ և ընդհանուր օգտագործման մակերեսներին անմիջական շփումները: Scan and Pay տեխնոլոգիան հաճախորդներին հնարավորություն կտա կատարել 100% անշփում վճարումներ: Գնումների համար վճարելիս բավական է Telcell Wallet հավելված կրող սմարթֆոնը մոտեցնել խանութի դրամարկղին ամրակցված սկաներին: Վճարման գործընթացը տևում է 10 վայրկյանից էլ քիչ ժամանակ»,- Telcell-ի որոշումը մեկնաբանում է ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:
Ծրագրի իրականացման համար ձեռք են բերվել հազարավոր սարքեր, և ընկերության մասնագետները պատրաստ են անմիջապես անցնել սարքավորումների տեղադրմանը: Սկաներներն առաջնահերթ կտեղադրվեն մթերային առևտրի կետերում և դեղատներում:
Scan and Pay տեխնոլոգիան ներդնելու համար հարկավոր է կապ հաստատել Telcell-ի հետ և հայտ գրանցել՝ թողնելով հետադարձ կապի տվյալներ: Ինտեգրումը կտևի հաշված օրեր:
Telcell Wallet-ը «Թել-Սել» ընկերության բջջային հավելվածն է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս վճարումներ կատարել ավելի քան 400 ծառայությունների դիմաց, ինչպես նաև քարտից քարտ առցանց փոխանցումներ կատարել, ժամանակի իրական ռեժիմում ստանալ դրամական փոխանցումներ։ Իսկ Scan and Pay տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր է տարբեր կետերում գնումների դիմաց ակնթարթորեն վճարել Telcell Wallet-ով՝ հենց էլեկտրոնային դրամապանակի հաշվեկշռից կամ դրամապանակին կցված բանկային քարտից։
«Թել-Սել» ՓԲԸ լրատվական ծառայության
պատասխանատուՍուսաննա Տոնոյան
հեռ.՝ 091 49 82 48