Դուք դրա հետևանքերը, կարծես, լավ չեք գիտակցում. Չալաբյանը՝ Ալեն Սիմոնյանի գրառման մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ կաթողիկոսի մասին գրառմանը:

«Ապրիլի 14-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր գրառման մեջ նշել է, որ ՀՀ հազարավոր քաղաքացիներ պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխությունը, գուցե ակնարկելով, որ արտակարգ դրության ավարտից հետո, Ազգային ժողովը կարող է նույնիսկ ինչ-որ գործընթաց նախաձեռնել այդ հարցով։ Այս կապակցությամբ պարոն Սիմոնյանին ցանկանում եմ հիշեցնել հետևյալը.

ա) Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 17-ի.

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Լինելով բարձրաստիճան պետական պաշտոնյա՝ պարոն Սիմոնյանը պետք է հարգի Սահմանդրությունը և երաշխավորի Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու գործունեության ազատությունը, և իր հայտարություններով չփորձի միջամտել նրա գործունեությանը։

բ) Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 18-ի՝

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Լինելով բարձրաստիճան պետական պաշտոնյա՝ պարոն Սիմոնյանը պետք է ևս մեկ անգամ հարգի Սահմանադրությունը և ճանաչի Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր ժողովրդի հոգևոր կյանքում, և չփորձի նսեմացնել այն՝ եկեղեցու վեհափառ հայրապետին ուղղված արհամարական արտահայտություններով։

Որպես հայ քրիստոնյա՝ լրացուցիչ իմ կողմից նշեմ, որ եկեղեցին ոչ միայն նրա հովիվներն են, այլևս իմ պես բազմաթիվ հավատավոր մարդիկ, և եկեղեցուց դուրս որևէ մեկը իրավունք չպետք է վերապահի իրեն մեր անունից խոսել կամ էլ մեզ ցուցումներ տալ։ Իրականացրեք Սահմանադրությամբ ձեզ վերապահված լիազորությունները, և մի՛ փորձեք դուրս գալ դրանց շրջանակներից, դուք դրա հետևանքերը, կարծես, լավ չեք գիտակցում։