ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News
Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը: Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, NEWS.am-ի խնդրանքով անդրադարձել էր փաստին, որ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներում իրականացվող կանխարգելիչ մարդասիրական միջոցառումների շարքում է քրոնիկ կամ համակցված հիվանդություններ ունեցող և ռիսկային խմբում գտնվող կալանավորների խափանման միջոցի փոփոխությունը, մինչդեռ ռիսկի խմբում գտնվող՝ ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննարկելու համար դատական նիստն արդեն տևական ժամանակ է տեղի չի ունենում և դեռ պարզ չէ, թե այն երբ տեղի կունենա։