ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24 News
Ամերիկայի հայկական համագումարի անունից համանախագահներ Էնթոնի Բարսամյանը, Վան Գրիգորյանը, Քերոլին Մուգարը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:
«Արցախպրեսի»-ի հաղորդմամբ՝ ուղերձում ասված է.
«Հարգելի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյան,
Հայկական համագումարի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ և Արցախի ժողովրդին՝ Արցախի նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ: Արցախի առջև ծառացած են բազում տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներ, որոնց, վստահ ենք, դուք կանդրադառնաք վճռականորեն: Ինչպես Ձեզ քաջ հայտնի է, դրանցից մի քանիսը սոոցիալ-տնտեսական մարտահրավերներ են, ընթացիկ հակամարտությունը, անվտանգության խնդիրները և այժմ՝ աննախադեպ Covid-19-ի վտանգը, որը հասել է Արցախ:
Դուք ստանձնում եք բազմաթիվ լուրջ պարտականություններ, որոնք կսահմանեն Արցախի ապագան գալիք տարիների համար: Համոզված եղեք, որ Ամերիկայի հայկական համագումարը շարունակելու է սատարել Արցախի Հանրապետությանը, մինչ մենք աշխատում ենք ամերիկահայ համայնքի և Միացյալ Նահանգների կառավարության հետ՝ Արցախի ժողովրդին աջակցելու մեր շարունակական ջանքերում: Ամերիկայի հայկական համագումարը մաղթում է Ձեզ բազում հաջողություններ՝ ներկայացնելու ամբողջ երկիրը՝ ի շահ Արցախի ժողովրդի և մեր աշխարհասփյուռ ազգի»: