ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Խորհրդարանում Առողջապահության և սոցիալական հարցերի արտահերթ նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ բացառված չէ, որ կորոնավիրուսով 1 անգամ վարակված և բուժված քաղաքացին կարող է կրկին վարակվել:
Ըստ նախարարի՝ արդեն իսկ 3 քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նորից կորոնավիրուս է հայտնաբերվել:
«Նրանց նորից իզոլացրել ենք, որպեսզի հավանական վարակը կանխարգելենք: Նման դեպքեր արձանագրվել են Չինաստանում ու Հարավային Կորեայում, դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում է բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, որը երկուսից երեք ամսվա ընթացքում ՊՇՌ-ով (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հայնաբերվում է»,-ասել է Թորոսյանը:
Ըստ նախարարի՝ հայտնաբերման մեթոդն աշխատում է ոչ թե վարակի մասնիկի վրա, այլ մեջ եղած գենետիկ մատերիալի վրա, որը կարող է լինել ապաակտիվ վիճակում` առանց պատյանի. դա ո՛չ բազմանում է, ո՛չ արտազատվում:
Նրա խոսքով՝ նույնիսկ դուրս գրվելուց հետո պետք է պահպանել անվտանգության կանոնները: