ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Նյու Յորքի իշխանությունները հայտնել են երեխաների շրջանում բորբոքային համախտանիշի տասնյակ դեպքերի մասին, որոնք, հավանաբար, կապված են կորոնավիրուսի հետ: Երեխաների մոտ նկատվում է չափից ավելի իմունային ռեակցիա, որը ազդում է օրգանների վրա։ Հաղորդում է Deutsche Welle-ն:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն իր անհանգստությունն է հայտնել այս դեպքի հետ կապված: Նա մայիսի 10-ին հայտարարել է, որ Նյու Յորքում այդ հիվանդությունն արդեն հայտնաբերվել է 38 երեխաների մոտ, 9-ի մոտ ախտորոշումը դեռ չի հաստատվել, ևս 85 դեպքով հետազոտություններ են անցկացվում:
Քաղաքապետի փոխանցմամբ՝ հիվանդացած երեխաների մոտ նկատվում է չափից ավելի իմունային ռեակցիա, որը հանգեցնում է ներքին օրգանների ախտահարմանը: Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ հիվանդությունը խլել է 3 երեխայի կյանք, որոնցից ամենափոքրը 5 տարեկան էր: Նրանք բոլորն ունեին կորոնավիրուսային հիվանդություն:
Բորբոքային համախտանիշի ախտանիշները նման են Կավասակի հիվանդությանը և տոքսիկ շոկին: Երեխաների մի մասն արդեն ստուգվել է. նրանց 47 տոկոսը վարակվել էր կորոնավիրուսով, իսկ երեխաների 81 տոկոսի օրգանիզմում հակամարմիններ են եղել: Երեխաների մոտ համախտանիշի առաջացման մասին հայտնել են նաև Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Եվրոպայի այլ երկրներից: