ԵՐԵՒԱՆ, 17 ՄԱՅԻՍ, 24News
Ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանը, Մեծ Հայրենական պատերազմի տարիներին Գերմանիայի բանակի կազմում կռվել է խորհրդային զորքերի դեմ, ամբողջությամբ կեղծ է և հետապնդում է քաղաքական նպատակներ։ Ինչպես հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո քարտուղար Մանե Գևորգյանը։
«Հայրենիքի համար մարտնչած պատերազմի վետերանի մասին այսպիսի կեղծ տեղեկատվության տարածումը, հատկապես Մեծ Հայրենական պատերազմի տարեդարձին, աղաղակող ստորություն է», - ասել է նա։
Վարչապետի մամլո խոսնակի խոսքերով, «այն հանգամանքը, որ հրապարակումների հիմքում ընկած տեղեկությունները չեն ստուգվել, խոսում է կա՛մ անպատասխանատվության, կա՛մ ուղղորդման մասին»։ «Մենք ցավում ենք, որ որոշ ռուսաստանյան լրատվամիջոցներ հրապարակել են չճշտված տեղեկություններ՝ օգտագործելով շեշտադրումներ, որոնք որոշակի շրջանակների կողմից հատուկ օգտագործվում են քաղաքական նպատակներով», - ասել է նա։
Մանե Գևորգյանը նաև հավելել է, որ «նմանատիպ կեղծիքների հեղինակները նպատակ ունեն սեպ խրել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների մեջ»։
Կառավարությունից նաև հայտնել են, որ վարչապետի պապը Նիկոլ Առաքելի Փաշինյանն է, «այլ ոչ թե ոմն Նիկոլայ Վարդանի Փաշինյանը», որի անունը օգտագործվում է այդ հրապարակումներում։ «Վարչապետի պապի մասին տեղեկատվություն կարելի է գտնել նաև ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության շտեմարանում՝ նա Կարմիր բանակի սերժանտ է», - հավելել է Մանե Գևորգյանը։