ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Կորոնավիրուսի համավարակի բռնկում չի արձանագրվել այն նահանգներում, որոնք վերաբացվել են, սակայն որոշ տեղերում, որոնք շարունակում են մնալ փակ, գրանցվել է դեպքերի աճ։
Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել կիրակի օրը ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը CNN հեռուստաընկերության «State of the Union» ծրագրի շրջանակում: Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։
Նա ընդգծել է, որ վերաբացման որոշումը չափազանց տեղայնացված է: Յուրաքանչյուր դեպք առանձին պետք է դիտարկվի, սակայն ըստ նախարարի՝ վերաբացումն անհրաժեշտ է, քանի որ չվերաբացումը կարող է հանգեցնել ծանր առողջական հետևանքների:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում, երբ երկրի որոշ շրջաններից հրապարակվում են պատկերներ, որտեղ մարդիկ հավաքված են բարերի մոտ և անտեսում են սոցիալական հեռավորությունը, Ազարն ասել է, որ դա ազատության գինն է: Ըստ նախարարի՝ ցանկացած անհատական պարագայում կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր անում են անպատասխանատու քայլեր, և դա այն ազատության մասն է, որն առկա է Ամերիկայում: