ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի վերափոխման ռազմավարություն-2050թ-ի համաձայն՝ երկիրը հավակնություն ունի առաջիկա 30 տարվա ընթացքում ՀՆԱ-ն 20 անգամ ավելացնել, ինչը նշանակում է, որ անվանական ՀՆԱ-ի միջին տարեկան հավելաճի տեմպը պիտի լինի 10.1% և ավել։
Փորձել եմ հասկանալ, թե աշխարհում ինչ նմանատիպ նախադեպեր կան․ դիտարկել եմ 1990-2019թթ-ի աշխարհի բոլոր երկրների անվանական ՀՆԱ-ի հավելաճի տեմպը, պարզվում է՝ աշխարհում 8 երկիր կան, որոնք դիտարկվող ժամանակահատվածում արձանագրել են 10.1% և ավել անվանական ՀՆԱ-ի հավելաճի տեմպ, դրանք են՝
- Հասարակածային Գվինեան (17.1%),
- Վիետնամը (13.6%),
- Չինաստանը (13.5%),
- Մալդիվները (12%),
- Քաթարը (11.7%),
- Լաոսը (11.1%),
- Լիբանանը (10.6%),
- Մակաոն (10.2%)։
Ընդ որում՝ երբ դիտարկում ենք ՀՆԱ-ի բացարձակ մեծությունը, ավելի մոտիկ օրինակ է Վիետնամը։
Կհաջողվի՞ արդյոք 2050թ-ին 2020թ-ի համեմատ ՀՆԱ-ն 20 անգամ ավելացնել, անկեղծ ասած, դրա հավանականությունը բավականին ցածր եմ գնահատում, բայց, իհարկե, այնպես չի, որ անհնար է»։
--00--ԱԹ