ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության ներկայացուցիչների պատվիրակությանը։
Երկրի ղեկավարը ողջունել է հյուրերի` Արցախ այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու նախաձեռնությունը: Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել կուսակցության ղեկավարությանը Ֆրանսիայի Սենատում ընդունված «Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախաձեռնողներից լինելու եւ խմբակցության ամբողջ կազմով կողմ քվեարկելու համար:
«Ֆրանսիան այն եզակի երկրներից էր, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմը դադարեցնելու համար նախաձեռնություն ցուցաբերեց: Ցավում եմ, բայց միջազգային հանրությունն այդպես էլ պատշաճ կերպով չարձագանքեց Ադրբեջանի ծավալած ագրեսիային, որին ակտիվ մասնակցություն ունեցան նաեւ ահաբեկչական տարբեր խմբավորումներ: Արցախի դեմ կատարվածն իրականում ավելի է մեծացրել անվտանգային սպառնալիքները ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական երկրների նկատմամբ»,- ասել է Ա. Հարությունյանն՝ ընդգծելով ռուս խաղաղապահ զորակազմի կարեւոր դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման եւ Արցախի հետագա զարգացման գործընթացներում:
Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության նախագահ Օլիվյե Ֆորը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ ընդունելության եւ տեղի ունեցող զարգացումներին ծանոթացնելու համար: Նա դատապարտել է տեղի ունեցած ռազմական հանցագործությունները եւ պատրաստակամություն հայտնել Արցախի ճանաչման հարցը հետագայում եւս հետեւողական կերպով առաջ տանելու համար:
Հանդիպմանը, որին մասնակցում էին Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրապայի գրասենյակի ներկայացուցիչներն, անդրադարձ է եղել ադրբեջանաարցախյան հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորման պրոցեսը կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափ վերադարձնելու, ինչպես նաեւ պատերազմի հետեւանքները վերացնելուն ուղղված հարցերին:
--00—ՄՀ