ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է 1921 թ․ մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի 100-ամյակի առիթով մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ռուսաստանի Դաշնության մի խումբ առաջատար մասնագետների հետ հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի և Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, պ․գ․դ․, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի։
Անդրադարձ կատարելով արցախյան երկրորդ պատերազմին՝ Նորին Սրբությունը ներկայացրել է պատճառված վնասները, խոսել հայրենիքի կորստյան ցավի և առկա մարտահրավերների, միջազգային հանրության արձագանքի մասին։ Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն իր գնահատանքն է հայտնել ՌԴ իշխանությունների կողմից պատերազմական գործողությունների կասեցման և տարածաշրջանում խաղաղության վերահաստաման գործում ներդրած ջանքերի առնչությամբ՝ Արցախի շուրջ առկա խնդիրների հանգուցալուծման համար անհրաժեշտ նկատելով բանակցային գործընթացի վերականգնումը։
Նորին Սրբությունը տեղեկացրել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Դադիվանքի հոգևոր կյանքի ու անխաթար աստվածպաշտության և սահմանամերձ վանքերի անվտանգության ապահովումը։
Հայոց Հայրապետը մասնավոր անդրադարձ է կատարել գրավված և հանձնված տարածքներում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության հանդեպ որդեգրված ռազմավարությանը, մասնավորապես պատմական հուշարձանների և սրբավայրերի ավերման, անարգման ու պղծման, հայկական ինքնության ոչնչացման դեպքերին՝ հույս հայտնելով, որ այս երևույթները կարժանանան միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պատշաճ գնահատականի։
--00--ԱԹ