ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
«Միլանը» հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է կրկին ակտիվացնել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու հետաքրքրությունը։ Այս մասին գրում է Armsport.am-ը
MilanLive-ի վերջին տեղեկությունների համաձայն, ռոսոներիները կենտրոնացած են այնպիսի խաղացողների տրանսֆերների վրա, ինչպիսիք են «Բրեստի» ֆուտբոլիստ Ռոմեն Ֆևրը և «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Ալվարեսը, բայց եթե Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորություն ընձեռվի, նրանք կփորձեն ձևակերպել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ իտալական մամուլը, և, մասնավորապես La Gazzeta dello Sport-ը, երեկ գրել էին, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է հեռանա «Ռոմայից»։
Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի շրջապատում դժգոհություններ կան Մխիթարյանի՝ թիմում այժմ առկա իրավիճակի հետ կապված։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Մոուրինյուն խնդրել է ֆուտբոլիստին ավելի հաճախ պաշտպանողական գործողություններին մասնակցել՝ այսպիսով փոխելով Հենրիխի դերը խաղադաշտում։ Աղբյուրը նաև ավելացնում է, որ ՄՅՈՒ-ից հետո մինչ այժմ Մխիթարյանի և «Յուրահատուկի» հարաբերությունները դրական առաջընթաց չեն գրանցել, և եթե հունվարին Մխիթարյանը համապատասխան առաջարկ ստանա, ֆուտբոլիստը կարող է լքել հռոմեական ակումբը։ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2022թ ամռանը։
Նշենք, որ այս ամառ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Յուվենտուսն» ու «Միլանը»։
--0--ԿԿ