ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
ԵԱՀԿ ԽՎ-ի դերը հիմա առավել կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը և այն ամենից հետո, ինչը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, շատ կարևոր է նաև Միջերկրածովյան ֆորումը, որի ժամանակ կքննարկվի Գազայի հատվածում տեղի ունեցող հակամարտությունը, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմը։ Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը: Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։ Օրակարգում են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ու փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։
Հայաստանում հյուրընկալվել են կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ:
Կաուման նշել է՝ Բաքու կատարած այցի ժամանակ իրեն ասել են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ․ «Իհարկե, ուզում եմ հավատալ, որ խաղաղության համաձայնագրին հասնելու հնարավորություն կա»,-ասել է նա՝ շեշտելով, որ այդ համաձայնագիրը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի համար, այդ թվում՝ տնտեսության տեսանկյունից։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ