Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

1134093

Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը  Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք աջակցում ենք այն գաղափարներին, պարոն վարչապետ, որոնք ընկած են Ձեր՝ «Խաղաղության խաչմերուկ» առաջարկի հիմքում: Մենք տեսնում ենք ավելի ինտեգրված Հարավային Կովկաս՝ նոր տրանսպորտային երթուղիներով, էներգետիկ համագործակցությամբ, հեռահաղորդակցություններով։ Սա կնպաստի դիվերսիֆիկացված տնտեսություններին, հնարավորությունների ընդլայնմանը և կխթանի խաղաղության և հաշտեցման ջանքերը»,- հայտարարեց նա:

Պետքարտուղարի կարծիքով՝  հզոր ապագա կա տարածաշրջանի հետ, որն ավելի ու ավելի է ինտեգրվում, և որն օգուտ կբերի մարդկանց ու երկրներին: «Եվ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ցանկանում են օգնել ձեզ կառուցել դա»,- ասաց Բլինքենը՝ հավելելով, որ անհամբեր սպասում է արդյունավետ քննարկման։

Բլինքենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջինիս  ղեկավարության, ինչպես նաև գործընկերության համար՝ նշելով, որ այն մեծ  նշանակություն ունի և շատ ամուր հիմք է ստեղծում նաև նրա համար, ինչ կարող է համատեղ ուժերով արվել ապագայում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ