ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը․
«Հաշվի առնելով մինչ այժմ Հայաստանի նշանակալի ձեռքբերումները՝ մեր երկու երկրները հանձնառու են համատեղ աշխատանքներ տանել՝ անկողմնակալ, անկախ դատական ոլորտի ամրապնդման միջոցով օրենքի գերակայությունը խթանելու, խոսքի ազատությունը, այդ թվում՝ լրատվամիջոցների, լավ կառավարումը և հաշվետվողականությունը, հանրային կառավարման բարեփոխումները, արդար և թափանցիկ ընտրական մրցակցությունը, ազատ և ակտիվ քաղաքացիական հասարակությունը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, ինչպես նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերն ավելի ամրապնդելու համար:
1․ Հայաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են համագործակցել՝ ամապնդելու անկախ լրատվական միջոցները, խոսքի ազատությունը և անաչառ լրատվության ու տեղեկատվության հասանելիությունը։
2․ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են համագործակցել օրենքի գերակայության խթանման և այդ ոլորտում քաղաքականության մշակման գործընթացների առաջմղման նպատակով Հայաստանի ջանքերն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ աշխատանքներ տանելով դատական մարմինների անկողմնակալության և անկախության, հանրային վստահության և թափանցիկության, ինչպես նաև՝ վեճերի կարգավորման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղություններով: Իրավապահ ոլորտի և դատական իշխանության հարաբերությունների, ինչպես նաև հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդման միջոցով կողմերը մտադիր են հասցեագրել ընդհանուր անդրազգային քրեական սպառնալիքները, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, մարդկանց թրաֆիքինգը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, փողերի լվացումը ու կիբեռհանցավորությունը:
3․ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել Հայաստանի հակակոռուպցիոն նախաձեռնությունների ու ջանքերի, և այս ոլորտում քաղաքականության մշակման ուղղությամբ, այդ թվում՝ աշխատանքներ տանելով հակակոռուպցիոն կառույցների և հանրային ծառայությունների բոլոր ոլորտներում բարեվարքության ամրապնդման ուղղությամբ։
4․ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավական և կանոնակարգող շրջանակները բարելավելու և մարդու իրավունքների պաշտպանության կառույցներն ամրապնդելու նպատակով համատեղ աշխատանքներ տանել: Միացյալ Նահանգները նախատեսում է աջակցել Հայաստանին՝ խտրականության դեմ պայքարի իրավական դաշտի ընդլայնմանն ուղղված աշխատանքներում:
5․ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են թափանցիկության և հաշվետվողականության աճի, հանրային կառավարման բարելավման, բարեփոխումների վերաբերյալ արդյունավետ հաղորդակցության, կառավարության տեղեկատվությանը քաղաքացիների և զանգվածային լրատվամիջոցների հասանելիության ընդլայնման միջոցով աշխատանքներ տանել Հայաստանում լավ կառավարումը խթանելու համար:
6․ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են համատեղ աշխատանքներ տանել Հայաստանում քաղաքական բազմակարծության և թափանցիկ, արդար քաղաքական մրցակցության աճի ապահովման ուղղությամբ։ Ընդ որում, մրցունակ ընտրական միջավայր ստեղծելու նպատակով՝ խրախուսել քաղաքական կուսակցությունների, ուղեղային կենտրոնների և ոչ կառավարական կազմակերպությունների զարգացումն` աջակցելով նրանց մասնակցությունն օրենսդրության մշակմանը և բարեփոխումների իրականացմանը։
7․ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են համատեղ աշխատանքներ տանել՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության՝ հանրային քաղաքականության մշակման և վերլուծության, քաղաքացիների շահերի առաջմղման, օրենսդրական գործընթացներին մասնակցության և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վերահսկողության ապահովման կարողությունները ամրապնդելու նպատակով։
8․ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են կյանքի կոչել Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում ստանձնած հանձնառությունները:
9․ Միացյալ Նահանգները նախատեսում է աջակցել Հայաստանին՝ Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի բոլոր ձևերի կանխարգելման և դրանց դեմ պայքարի ծրագրի իրականացման գործում:
10․ Հաշվի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում»:
--00—ՅՄ