Անպատասխանատու քաղաքական գործիչների սխալների գինը վերջում միշտ վճարում է ժողովուրդը․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Screenshot_1

Իշխանական քարոզիչների կողմից հորինված նոր թեզի շրջանակներում արծարծվում է այն «միտքը», որ նրանք, ովքեր այս շրջանում բարձրացնում են Հայաստանի «ուկրաինացման» վտանգի վերաբերյալ հարցեր՝ զգուշացնելով ռիսկերի մասին, պարզապես վախկոտ են և փորձում են վախեցնել ժողովրդին։ Այս մասին գրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Ես քաղաքական գործունեությանս առաջին օրվանից մշտապես բարձրաձայնում եմ մեր երկրի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծումները՝ նպատակ ունենալով ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունն ու բարեկեցությունը։ Ուստի չեմ կարող այս հարցը անարձագանք թողնել։

Քաղաքական գործիչը պարտավոր է տարբերել իրական խնդիրները և, գնահատելով բոլոր ռիսկերը, ստանձնել պատասխանատվություն դրանք լուծելու համար։ Գիտե՞ք, թե ինչու այդ կեղծ թեզի հեղինակները չեն վախենում։ Որովհետև նրանք զուրկ են պատասխանատվության զգացումից։ Նրանք չեն հասկանում, որ իրենց առաջ քաշած թեզերից և դրանց հիման վրա կայացված որոշումներից է կախված մեր պետության և ժողովրդի ապագան։

Մենք պատասխանատվության զգացում ունենք և վախենում ենք, որովհետև գիտենք, որ նրանք զուրկ են այդ զգացումից ու պատրաստ են տանել երկիրը ցանկացած արկածախնդրության։ Վախենում ենք, քանզի տեսնում ենք, որ անգամ պատերազմն ու հազարավոր զոհերը չստիպեցին նրանց վերանայել իրենց մոտեցումները։

Անպատասխանատու քաղաքական գործիչների սխալների գինը վերջում միշտ վճարում է ժողովուրդը…»։

--00—ՅՄ