Նրա ծրագրերն ուղղված էին Ցեղասպանության հետևանքով խնդիրների լուծմանը․ Թումանյան ազգային գործիչը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

դդ
ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ
 
Որբահավաք և որբախնամ գործունեությունից բացի Հովհաննես Թումանյանը նախաձեռնում և կյանքի է կոչում մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացած այլ խնդիրների լուծմանը:
1918 թ. մարտին Հովհ. Թումանյանի նախագահությամբ ստեղծվում է Հայոց հայրենակցական միությունների միությունը: 

Վերջինս, իր շուրջը կենտրոնացնելով հայկական մի շարք գավառներում մինչ այդ ստեղծված հայրենակցական միությունների գործունեությունը, ծավալուն աշխատանքներ է իրականացնում հանգանակություններ կազմակերպելու, հայ գաղթականությանը նյութական օգնություն տրամադրելու, ինչպես նաև հարևան ազգերի (այդ թվում՝ «մուսուլմանների») հետ հայության խաղաղ գոյակցությունն ապահովելու գործում: Հայոց հայրենակցական միությունների միության և Հայ գրողների ընկերության անունից Հովհ. Թումանյանը բազմաթիվ կոչեր է հղում աշխարհի տարբեր պետությունների խորհրդարաններին, ակադեմիաներին, համալսարաններին, գիտական ընկերություններին՝ նկարագրելով հայ ժողովրդի ծանր վիճակը, խնդրելով բարոյական ու նյութական օգնություն:
 
1918 թ. հոկտեմբերի 31-ին՝ Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության կրած պարտությունից և Մուդրոսի զինադադարից մեկ օր անց, Թիֆլիսում կայանում է Հայկական հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի նիստ, որտեղ որոշվում է 1919 թ. Փարիզում կայանալիք Հաշտության համագումարին հուշագիր ներկայացնել: Հուշագիրը կազմելու համար ստեղծվում է «Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովը», որը նախագահում էր Հովհ. Թումանյանը: Պետական կարգավիճակ ունեցող այս հանձնաժողովը կարճ ժամանակում ծավալուն աշխատանք է իրականացնում պատերազմի ընթացքում հայ ժողովրդի կրած մարդկային և նյութական կորուստների հաշվառման ու իրավական ձևակերպման ուղղությամբ:
1920 թ. փետրվարին Վրաստանի Հայոց ազգային խորհրդին կից կրկին Հովհ. Թումանյանի ղեկավարությամբ ստեղծվում է Հայ որբերի և գաղթականների օգնության հանգանակիչ կոմիտե։
 
Թումանյանի մարդասիրական գործունեությունը չէր ավարտվում միայն սեփական ազգի հանդեպ հոգածությամբ: 1920 թ., վաճառելով իր գրքերի հրատարակության իրավունքը, ստացած գումարից 10.000 ռուբլի հատկացնում է հայ որբերին, 10.000-ը՝ Վրաստանի երկրաշարժից տուժածներին, նույնքան էլ՝ Ռուսաստանի սովյալներին։
1921 թ. սեպտեմբերին ստեղծված Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) բարձրագույն գործադիր մարմնի նախագահի պաշտոնում Հովհ. Թումանյանը մեկնում է արտերկիր, պայմանավորվածություններ ձեռք բերում Հայաստանին օգնելու գործում, նոր թափ հաղորդում Հայաստանի օգնության միության (ՀՕՄ) գործունեությանը:
 
1922 թ. Թումանյանի առողջությունը կտրուկ վատանում է: Ամենայն հայոց բանաստեղծը մահանում է 1923 թ. մարտի 23-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Նրա վերջին պատգամն էր՝ «Ղոչա՛ղ կացեք…»: Բանաստեղծի աճյունն ամփոփված է Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

--00—ՍՊ