ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ հատկապես միջազգային-իրավական փոխգործակցության առումով:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: Կարևորելով երկու երկրների միջև առկա բազմաոլորտ հարաբերությունները՝ Մեհդի Սոբհանին ընդգծել է խնդիրների լուծման ուղղությամբ Քննչական կոմիտեի և Դեսպանատան ներդրած համատեղ ջանքերը:

Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության ճկուն կառուցակարգերին, ինչը նպաստել է քրեաիրավական ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակմանը և դրանց արդյունավետ լուծմանը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկու երկրների քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվության բարձրացմանը վերաբերող հարցերը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը արդարադատության բնագավառում փոխադարձ ջանքերով համագործակցելու ուղղությամբ:  

--00--ԱՀ