Հայտնի է Գյումրու ավագանու ընտրությունների օրը և քարոզարշավի ժամկետները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

gyvoumri-770x_

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ի հերթական նիստում նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը․ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։

Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը, մինչեւ 18։00-ն։

Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով պետք է հրապարակեն մինչեւ փետրվարի 25-ը ներառյալ։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչեւ մարտի 5-ը, ժամը 18:00-ն: Գրանցումն իրականացվելու է 2025 թվականի մարտի 5-ից մինչեւ մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։

Հիշեցնենք, որ այս պահին իրենց թեկնածությունների առաջադրման մասին են հայտարարել իշխող ՔՊ-ն համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի գլխավորությամբ, պրոդյուսեր, հանրային գործիչ Ռուբեն Մխիթարյանը «Իմ հզոր համայնք» կուսակցությունով, Արտյոմ Ղարաղազարյանը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունով։

Բացի այդ, առաջադրվելու են նաև իբրև համայնքապետի թեկնածուներ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

--00—ՅՄ