ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն:
Այցը նվիրված էր «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի սաներից չորսի ծննդյան օրվան:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքներիպաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը, ինչպեսնաև ՄԻՊ ներկայացուցիչները։
Երաժշտախմբի հիմնադիր - ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները:
Տոնական միջոցառման ավարտին Պաշտպանն ու հյուրերը հոբելյարներին հանձնել են նվերներ։
«Յուրաքանչյուր մարդ՝ տալով սեր և ջերմություն, նպաստում է ընդհանուր միջավայրի դրական փոփոխություններին: Սիրելի՛ «Ճախրուկներ», ձեր գործունեությունը մեր միջավայրին սեր և ջերմություն տալու մասին է։ Այդ զգացողությունը ես ունենում եմ մշտապես` ամեն անգամ ձեզ հետ շփվելիս», - ասել է Պաշտպանը։
Հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների իրավունքներին առնչվող հարցերը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո են։ Պաշտպանը կարևորում է պետության աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի խթանման գործում։
--00—ՅՄ