Իսրայելում 2025 թվականը հայտարարվել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի դեմ պատերազմի տարի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News 

.

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի նոր ղեկավար Էյալ Զամիրը հայտարարել է, որ 2025 թվականը պատերազմի տարի է լինելու Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իրանի դեմ՝ նշելով, որ իսրայելական զորքերը չեն պլանավորում թողնել նաև մյուս ճակատները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել The Jerusalem Post թերթը։

«Պաշտոնն ստանձնած ԻՊԲ-ի շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ 2025 թ. լինելու է պատերազմի տարի՝ կենտրոնացած Գազայի և Իրանի, ինչպես նաև այլ ճակատների վրա», - ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականը նշում է նաև, որ Զամիրը շեշտը դնում է «հաղթանակի» հայեցակարգի վրա՝ պնդելով, որ վերջին տարիներին ԻՊԲ-ի ուժերը կենտրոնացած են եղել «հարաբերական հաղթանակի կամ զսպման վրա»։ Բացի այդ, բանակի գլխավոր շտաբի նոր ղեկավարը հայտարարել է, որ բոլոր ջանքերը կգործադրվեն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գերությունից պատանդներին վերադարձնելու համար, սակայն ոչ մի կոնկրետ փոփոխություն գործող քաղաքականության մեջ չի նշվել։

Մարտի 5-ին Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն պաշտոնաթող գեներալ-մայոր Էյալ Զամիրը պաշտոնապես ստանձնել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Թել Ավիվում պաշտպանության նախարարության շտաբում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը Զամիրին շնորհել են գեներալ-լեյտենանտի բարձրագույն սպայական կոչում։ Արարողությանը նաև մասնակցել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Մայքլ Կուրիլան։

Հունվարին ԻՊԲ-ի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին հայտարարել էր, որ հրաժարական կտա 2025 թ. մարտին. որպես իր հեռանալու պատճառ նա նշել էր զինվորականների ձախողումը 2023 թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհի ժամանակ:


--00--ԱՀ