ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև անուղղակի բանակցություններ է նախատեսում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

.

Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ պատվիրակ Քիթ Քելոգը հայտարարել է, որ Վաշինգտոնը պլանավորում է Սաուդյան Արաբիայում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ անուղղակի բանակցություններ անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է The Glenn Beck Program-ին տված հարցազրույցում:

«Մենք այսպես կոչված տեխնիկական խմբեր ենք ներգրավում այսպես կոչված անուղղակի բանակցություններում Սաուդյան Արաբիայում, ուր կգան երկու կողմերը, նրանց կընդունեն առանձին սենյակներում», - ասել է նա:

Քելոգը նշել է, որ նման մոտեցումը կօգնի իմանալ կողմերի պայմանները և առաջին քայլն անել հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել էր, որ սենատոր Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան Էր Ռիադում կգլխավորեն ռուսական պատվիրակությունը փորձագիտական ​​խմբերի խորհրդակցությունների ժամանակ, որոնք նախատեսված են երկուշաբթի՝ մարտի 24-ին։


--00--ՀԱ