Ջոն վան’տ Սխիպը վրացի ֆուտբոլիստների, Ռանոսի, մեր ընտրանու հանդերձարանում մթնոլորտի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Skhip-750x375

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։ Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Այսօրվա հանդիպումն էլ ավելի գոլառատ ստացվեց և ավարտվեց տանտերերի խոշոր՝ 6-1 հաշվով հաղթանակով։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոսել է հանդիպման մասին․

«Գոլերի մեծամասնությունն անհատական սխալների հետևանքով էր։ Երևանում կայացած հանդիպման առաջին գոլը եզրային նետումից հետո էր, երկրորդ գոլի դեպքում նույնպես անհատական սխալ էր։ Այսօր էլ կամ հետ փոխանցումից էր, կամ՝ հնարավորություն էր ստեղծվում մրցակցի համար, երբ մեր ֆուտբոլիստը կորցրեց գնդակը։

Պետք է ընդունել՝ որ Վրաստանի հավաքականը որակյալ թիմ է և այդպիսի դրվագներից օգտվում է։

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները հանդես են գալիս բարձր մակարդակի ակուբներում և գործում որպես թիմ։ Իսկ մեր ֆուտբոլիստները հանդես են գալիս ավելի ցածր մակարդակի ակումբներում և մենք չգործեցինք որպես թիմ, չկարողացանք այդպես անել։

Ինձ համար բարդ էր որպես նոր մարզիչ՝ ուղղել այս սխալները մի քանի օրվա ընթացքում, բայց հուսով եմ՝ կկարողանանք հասնել դրան մոտ ապագայում։ Եվ որպես թիմ, և անհատապես ֆուտբոլիստները, և մենք՝ մարզիչներս։

Ռանոսը երեկ մոտեցել է ինձ, ասել է, որ եթե հանդես չգա մեկնարկային կազմում, ապա կլքի հավաքականի ճամբարը, ես նրան այդ հնարավորությունը տվել եմ։ Ինձ համար անընդունելի է, որ ֆուտբոլիստ, որը վերջին 4 ամսում հանդես է եկել 34 րոպե, մեկ ամբողջական հանդիպում չի անցկացրել, կարող է գալ և այդպիսի վերջնագիր ներկայացնել։ Ես նրան ասել եմ, որ նա դեռ երիտասարդ է, հնարավորություն ունի խաղաժամանակ ստանալու, նաև ասյօրվա հանդիպմանը՝ դուրս գալով երկրորդ խաղակեսում, բայց նա չի ցանկացել։ Այնպես որ, ոչ մի խեղաթյուրում չկա, ամեն ինչ այնպես է, ինչպես երեկվա հայտարարության մեջ ասել էինք։

Այն ինչ տեսել եմ եմ մարզումների, հավաքի ժամանակ, եղել է լավ նվիրվածություն, չեմ տեսել վատ մթնոլորտ։ Իհարկե, հանդիպումներին մոտեցումը և մարզումները տարբերվում են, այսօր դա տեսանք, բայց հանդերձարանում վատ մթնոլորտ չեմ տեսել»,- ասել է Հայաստանի հավաքականի մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ