90 րոպեի ընթացքում Փաշինյանը «ցեղասպանություն» եզրույթը գործածեց 1 անգամ, թուրք լրագրողը՝ 4

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ՍՍ



Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com&nbsp

Այս շաբաթ իմացա, որ Հայաստանի կառավարությունը 7.5 միլիոն դրամ (մոտ 19 հազար դոլար) է ծախսել տասը թուրք լրագրողների ճամփորդության, բնակության և սննդի համար, որոնք հրավիրվել էին Երևան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց անցկացնելու համար: Բարեբախտաբար, դա մեծ գումար չէ, սակայն նրանց ծախսերը հոգալը լրագրողական էթիկայի խախտում է:

Ես նաև տեղեկացա, որ հարցազրույցից առաջ վարչապետի օգնականները վերցնել են թուրք լրագրողների բջջային հեռախոսներն ու տեսախցիկները, որպեսզի նրանք չկարողանան ձայնագրել հարցազրույցը։ Ձայնագրությունն արվել է բացառապես վարչապետի գրասենյակի կողմից։ Սա լրագրողների հետ վարվելու շատ անսովոր և անընդունելի ձև է։

Հետաքրքիր է, որ թուրք լրագրող Ֆերհաթ Բորաթավը նշել է, որ «խցիկները [Երևանի օդանավակայանում], որտեղ նստած էին հայ ոստիկանները, բերվել են Թուրքիայից Վրաստանի տարածքով»։ Թուրք լրագրողը հետաքրքրվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հաճախակի մեկնաբանություններով։ Նա հարցրեց. «Ուզում եմ, որ անդրադառնայիք այս թեմային ուշադրություն դարձնելու պատճառներին։ Թե՛ այստեղի ձեր քաղաքացիների, թե՛ սփյուռքի շրջանակներում ինչի՞ եք փորձում հասնել դրանով»:

Փաշինյանը պատասխանեց. «Իմ ընկալումն այն է, որ պատմության մեր դասերը մենք պետք է ծառայեցնենք այսօրվա մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պետության շահերին, պետական շահերին և ապագայի շահերին։ Եվ իմիջիայլոց, իմ ընկալմամբ, այս խոսակցությունը հասունացած է և Հայաստանում, և Սփյուռքում …. ոչ միայն ներհայաստանյան կամ հայերի միջավայրում, այլև տարածաշրջանային առումով, որովհետև դա էլ է հարց։ Պատմությունը ինչի՞ համար ենք օգտագործում, որ պատմական կոնֆրոնտացիաները դառնան հավիտենակա՞ն, թե՞ պատմական կոնֆրոնտացիաները մեզ համար ուղերձ են՝ խաղաղ, համագործակցված, տարածաշրջանային իմաստով կայուն ապագա կառուցելու համար։ Ես այս երկրորդ ընկալման կողմնակից եմ»։

Մեկ այլ թուրք լրագրող հարցրեց. «Դուք օգտագործում եք ‘internal armenization of genocide’ [ցեղասպանության ներքին հայացում]։ Ուզում եմ հասկանալ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում ցեղասպանության հարցը ինչպիսի՞ ազդեցություն ունի հիմա: Ըստ Ձեզ՝ դա արդեն նախկին, անցյալ փուլ է, նախկինո՞ւմ է մնացել այդ հարցը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով: Եվ Հայաստանը նախկինում քաղաքականություն էր վարում, ինչպես գիտենք, որպեսզի ցեղասպանությունը տարբեր երկրների խորհրդարանների կողմից ընդունվի և այլն։ Կարո՞ղ ենք ասել, որ այս քաղաքականությունն արդեն չի կիրառվելու։ Նույն կերպ ձեր Սահմանադրության ներածական մասում կան բաժիններ, որտեղ տեղ են գտել Արևմտյան Հայաստան և ցեղասպանություն արտահայտությունները։ Եթե Սահմանադրությունը փոխվի ձեր երկրում, դրանք տեղ չե՞ն գտնելու նոր սահմանադրության մեջ»։

Փաշինյանը պատասխանեց՝ ասելով, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր»: Այդուհանդերձ, նա հավելեց, առանց օգտագործելու ցեղասպանություն եզրույթը. «Հայաստանում և հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է։ Այսինքն, ուղղակի մեր իրականության մեջ հնարավոր չէ դա կամ ժխտել, կամ ուրանալ, որովհետև դա բոլորիս համար անուրանալի ճշմարտություն է, բայց խոսքը դրա մասին չէ»։

Այնուհետև նա նվազագույնի հասցրեց ցեղասպանության ճանաչման նշանակությունը՝ ասելով, որ երբ հեռավոր երկրները նման որոշում են ընդունում, երբ ոգևորությունը մարում է, հաջորդ պահին հարց է ծագում «իսկ այդ որոշումն ի՞նչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր հարաբերություններում։ Երբ մենք անմիջական միջավայրում ունենում ենք լարումներ, այդ լարումներն ինչքանո՞վ են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը և այլն, և այսպես շարունակ»։

Իր 90 րոպեանոց հարցազրույցի ողջ ընթացքում Փաշինյանը միայն մեկ անգամ օգտագործեց ցեղասպանություն եզրույթը, մինչդեռ թուրք լրագրողն իր հարցում չորս անգամ օգտագործեց ցեղասպանություն եզրույթը։ Մնացած ժամանակ Փաշինյանը ցեղասպանությունն անվանեց «որոշում» (6 անգամ), «այն» (3 անգամ), «պատմություն» (39 անգամ), «մեծ ողբերգություն» (մեկ անգամ)։ Փաշինյանը սխալվեց, երբ ասաց, որ «այն ժամանակաշրջանը, երբ տեղի է ունեցել այդ մեծ ողբերգությունը, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետություն»։ Հայաստանի վարչապետը կարծես թե չգիտի, որ Հայոց ցեղասպանությունը տևել է 1915-1923 թվականներին, այդ ընթացքում՝ 1918-1920 թվականներին, եղել է անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Շատ հիասթափեցնող էր նաև Փաշինյանի այն հարցը, թե ինչ տվեց մեզ հեռավոր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Նա պետք է իմանա, որ եթե չլիներ Սփյուռքի տասնամյակների ձգտումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, աշխարհում ոչ ոք մինչ այժմ չէր հիշի, որ եղել է նման ցեղասպանություն, ինչից թուրքական կառավարությունը շատ գոհ կլիներ: Ճանաչումից անդին, մի օր, երբ Հայաստանում ազգային իշխանություն կլինի, և միջազգային համապատասխան հանգամանքներ ստեղծվեն, հայերը հետամուտ կլինեն փոխհատուցում ստանալու Ցեղասպանությունից իրենց կրած կորուստների համար, ներառյալ բռնագրավված հայկական ունեցվածքը և բռնազավթված տարածքները:

Փաշինյանը շարունակեց՝ ասելով, որ Հայաստանին պետք է խաղաղություն հաստատել իր անմիջական հարևանների հետ, ոչ այնքան Ավստրալիայի, Նոր Զելանդիայի կամ Բրազիլիայի հետ։ Նա կարծես թե չի հասկանում, որ իրական խաղաղությունը պետք է հիմնված լինի պատմական ճշմարտության և արդարության վրա, այլ ոչ թե ռևիզիոնիզմի և կեղծիքների վրա: Նա շարունակեց՝ Թուրքիան չպետք է սպառնալիք լինի Հայաստանի համար, ինչպես Հայաստանը չպետք է սպառնալիք լինի Թուրքիայի համար: Վարչապետը երևի թե ապրում է երևակայական աշխարհում։

Համոզված եմ, որ նախագահ Էրդողանն անքուն գիշերներ չի անցկացնում՝ մտահոգվելով, որ Հայաստանը կարող է ամեն պահի հարձակվել Թուրքիայի վրա։ Նա անհանգստանալու շատ ավելի կարևոր խնդիրներ ունի: Փաշինյանը շարունակում է ծաղրել պատմական Արևմտյան Հայաստան հասկացությունը՝ ասելով, որ Արևմտյան Հայաստանը ներկայիս Հայաստանի Հանրապետության արևմտյան մասի քաղաքներն են։

Եվ հետո, թաքցնելու համար հայկական տարածքների իր զիջումները, նա ծիծաղելի հայտարարություն է անում, որ այս օրերին աշխարհագրական սահմաններ չկան՝ շնորհիվ սոցիալական ցանցերի և համացանցի, որոնք հատում են բոլոր սահմանները: Ինչպես և սպասվում էր, թուրք լրագրողներն անդրադարձան վարչապետի հետ հարցազրույցին թուրքական տեսանկյունից՝ ընդգծելով, որ ցեղասպանության հարցի վերաբերյալ Փաշինյանի «հաշտվողական մոտեցումը» և Թուրքիայից տարածքային պահանջների մերժումն այլևս խոչընդոտներ չեն հայ-թուրքական հարաբերություններում։

Այնուամենայնիվ, հատկապես սկանդալային թուրք լրագրող, CNN Turk-ի լրատվական տնօրեն Իդրիս Արքանը, Երևանի Կապույտ մզկիթի դիմաց կանգնած, կեղծորեն հայտարարեց թուրքական հեռուստատեսությամբ, որ պարսիկների կառուցած մզկիթը, որը պատմական տեսարժան վայր է Հայաստանի մայրաքաղաքում, թուրքական է: Նա նույնիսկ հանդգնեց Երևանը նկարագրել որպես պատմական թուրքական քաղաք։ Ահա թե ինչպես հատուցեց CNN Turk-ի լրատվական տնօրենը Փաշինյանին՝ Հայաստան կատարած ամբողջությամբ վճարված ուղևորության համար։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի