ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 (Friedrich-Ebert-Strasse 27) հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, որը կրում է «Ինքնություն» խորագիրը (ճարտարապետ-դիզայներ՝ Հակոբ Իսկուդարյան, քանդակագործ՝ Ռուբեն Նալբանդյան): Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։ Հուշատախտակը տեղեկատվություն է ներկայացնում բանաստեղծի լայպցիգյան տարիների մասին՝ միաժամանակ փաստելով, որ Իսահակյանը Յոհաննես Լեփսիուսի, Յոզեֆ Մարկվարտի հետ միասին եղել է հայ-գերմանական ընկերության հիմնադիրներից:
Հուշատախտակին ամրացված է նաև Գյումրու սև տուֆը՝ որպես հայկականության խորհրդանիշ, որը շատ էր սիրում Իսահակյանը․ նրա երևանյան տունը ևս կառուցված է այդ տուֆից: Հուշատախտակի վրա կա QR կոդ, որով մարդիկ կարող են դիտել Իսահակյանի և Գերմանիայի առնչությունների մասին գերմաներեն տեսանյութ:
Հուշատախտակը բացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Լայպցիգի քաղաքապետարանի, Լայպցիգի Հայ Մշակութային Միության և Երևանի Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ։
--00--ՍՊ