Շառլ Ազնավուրի 100-ամյակը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ա
Նոյեմբերի 25-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնականում կայացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից՝ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։
 
Համերգային երեկոյի բացման ելույթներով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, Ֆրանսիայի գործերի հավատարմատար Իզաբել Դևինյը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխտնօրեն Սին Ցյուն։
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում մեծապես արժևորեց լեգենդար արտիստի հարուստ մշակութային ժառանգությունը և ընդգծեց վերջինիս մարդասիրական գործունեության կարևորությունը՝ հիշեցնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար անկյունաքարային նշանակություն ունեցող արժեքների տարածման գործում նրա մեծ ավանդի մասին։
 
«Une vie d'Amour» խորագիրը կրող համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդիսատեսին ներկայացրեց Շառլ Ազնավուրի հարուստ երգարվեստն ու երաժշտական ժառանգությունը: Կատարումներով հանդես եկան մեներգիչներ Ինգա Արշակյանը, Գոռ Սուջյանը, Գուրգեն Բավեյանը, ինչպես նաև՝ հրավիրյալ երգիչ Ժյուլ Գրիզոնը և դաշնակահար Նոբույակի Նակաժիման:
 
Համերգին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ֆրանսիայի հասարակական և քաղաքական շրջանակների, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։
 
Տեղեկանք․ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի վերաբերյալ հայտը համատեղ կերպով ներկայացվել է Հայաստանի և Ֆրանսիայի կողմից՝ Անդորրայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի, Պորտուգալիայի, Սենեգալի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ավելի քան 80 անդամ ունեցող ֆրանկոֆոն դեսպանների խմբի աջակցությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին միաձայն որոշմամբ ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում։

 

--00—ՍՊ