Եթե Հայաստանը սատար չկանգնի Արցախից բռնահանվածներին, կկանգնեն շատ վտանգավոր ջրբաժանի առջև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News 

ԱԱ

«Կամուրջ»  քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը․

«Այսօր Երևանում տեղի ունեցավ մեծ հանրահավաք, որին մասնակցեցին տասնյակ հազարավոր արցախցիներ և հայաստանցիներ։ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը ևս այնտեղ էր։ Հաշվի առնելով արցախահայության հիմնարար խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը, հարկ ենք համարում սատարել մեր արցախցի քույրերի և եղբայրների պահանջներին։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ուղղակի պարտավոր են իրականացնել բոլոր հնարավոր և անհնարին քայլերը արցախահայության վերադարձի համար, որտեղ պետք է ապահովված լինեն արցախցիների բոլոր իրավունքները, արժանապատվությունը և անվտանգությունը։ Իսկ մինչ այդ` անհրաժեշտ է անել ամեն ինչ մեր քույրերի և եղբայրների սոցիալական վիճակը թեթևացնելու համար, քանզի նրանք կորցրել են ամեն ինչ։

Անընդունելի է կառավարության որոշումը, համաձայն որի կրճատվում է արցախցիներին հատկացվող ֆինանսական օժանդակությունը։

Եթե Հայաստանի Հանրապետությունը սատար չկանգնի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ապա մենք կկանգնենք շատ վտանգավոր ջրբաժանի առջև՝ արդեն համայն հայության կոնտեքստում։ Այսօր հրապարակում մենք տեսանք բազմաթիվ երևանցիների, գյումրեցիների, սևանցիների, արցախցիների, վանաձորցիների, էջմիածինցիների և մեր հայրենիքի տարբեր հատվածներից հայերի՝ կողք կողքի։ Հենց սա է ուժը, հենց սա է հայրենասիրությունը»:

--00—ՍՊ