ԱՄԷ-ն պատրաստ է հնարավորինս նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

l-0x84wh-2000x1165z-0.393

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային:

Հանդիպման մեկնարկին դեսպանը նախագահին է փոխանցել ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հրավերն Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին մասնակցելու համար:

Հանրապետության նախագահը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ Միացյալ Էմիրությունները վերջին տարիներին դարձել է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակում են զարգանալ ու ընդլայնվել:

Նախագահը դրական է գնահատել երկրների ղեկավարությունների կողմից գործակցության սերտացմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև դեսպանի անձնական արդյունավետ աշխատանքը:

Դեսպան Ալ-Մուլլան շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ խոսքերի համար և նշել, որ հնարավորինս իր կարողությունները ներդնում է երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության հետագա խթանման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսական, բարձր տեխնոլոգիական և հարակից ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին:

Կողմերն ընդգծել են ինչպես ընթացիկ համատեղ ծրագրերի առաջմղման կարևորությունը, այնպես էլ առաջիկա գործակցության հետագա ընդլայնումը՝ տնտեսական, այլընտրանքային էներգիայի և այլ ոլորտներում:

Զրույցի ընթացքում կարևորվել են երկու երկրների գործարար շրջանակների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների համար ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերի շարունակականությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը և հաստատակամորեն շարժվում է այդ ուղիով: Այս համատեքստում դեսպան Նարիման Ալ-Մուլլան վերահաստատել է ԱՄԷ պատրաստակամությունը հնարավորինս նպաստել մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին, ինչը բխում է բոլոր կողմերի շահերից:

--00—ՅՄ