Հիշեցնում ենք Մինասյանին, որ գյումրեցիները և արցախցիները միշտ եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

,

Գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի  առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ: Այս մասին հայտարարություն է տարածել «Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնությունը:

«Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս , որ իրենց երեխաները չծառայեն Ղարաբաղում…

Ո՛չ, սա թուրքերի կողմից շրջանառության մեջ դրված թեզ չէ: Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի տեսակետն է, որը հնչեցրել է երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այս հայտարարությունը մեծ զայրույթ է առաջացրել հայ հասարակության մեջ, քանզի ուղղակի վիրավորանք է պարունակում ոչ միայն Արցախի և արցախահայության հանդեպ , այլեւ նսեմացնում է այն հազարավոր գյումրեցիների հերոսությունը և սխրանքները, որ նրանք ցուցաբերել են թե՛ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ընթացքում, թե՛ 44 օրյա պատերազմի ժամանակ։

Հարկ ենք համարում հիշեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին` Սարիկ Մինասյանին , որ մասնավորապես գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ։ Գոյություն չունի գեթ մեկ պատերազմ կամ ճակատամարտ , որտեղ արցախցիները և գյումրեցիները ,կողք կողքի չլինեին առաջին շարքերում: Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտերը , Արցախի ազատագրական պայքարը ամենացայտուն օրինակներն են։

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Սարիկ Մինասյանի այս սուտ և շինծու հայտարարությունը , քանզի այս կարգի «մտքի գոհարները» հանդիսանում են հայ ժողովրդին կրկին բաժանելու «ղարաբաղցի հայաստանցի» և «սև սպիտակ» հակահայկական տրամաբանության ներքո։

Այս միջադեպը , կարելի է որակել, որպես հային հայի դեմ հակադրելու անընդունելի քաղաքականության շարունակություն, որն իր հերթին հանդիսանում է լրջագույն խոչընդոտ հայկական հասարակության մեջ հանրային համերաշխության հասնելու գործընթացում։ Համոզված ենք , որ միասնականության շնորհիվ հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները և դուրս գալ այս սարսափելի վիճակից, որի մեջ հայտնվել է մեր հայրենիքը»,-ասված է հայտարարության մեջ:


--00--ԱՀ