Գյումրիում և Փարաքարում քվեարկության արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի իրական վերաբերմունքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

photo_2025-03-31_10-34-14

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «Գյումրիում և Փարաքարում երեկվա քվեարկության արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի իրական վերաբերմունքը երկրում քաղաքական իշխանության նկատմամբ։ 

Ակնհայտ դարձավ, որ Հայաստանում ավագանու ընտրությունները սոսկ համայնքային չեն, դրանք դարձել են հանուն հայոց պետականության ու հայ ժողովրդի արժեքների պահպանության կռիվ։

Վառ օրինակ է Գյումրու ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում Արցախն արատավորելը, մեր հերոսների նվիրական պայքարն ու սխրանքը ոտնատակ տալը ՔՊ թեկնածուի ու ողջ ՔՊ վերնախավի կողմից: Միայն մեր քաղաքացիների արժանի հակազդեցության շնորհիվ այս արատավոր մտածողությունը չընդունվեց։

Ինչպես ասել եմ, ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտմամբ և իրար նկատմամբ ատելությամբ, քաոսով։ 

Արժանապատվություն վիրավորելը, մարդուն հայհոյելը և դա հատկապես ամբարտավան ձևով ու հրապարակային անելը նրանց գլխավոր զենքերից է։ 

Հայ ժողովրդի համերաշխությունը, մեր նվիրական արժեքների պահպանումը, իրար արժանապատվություն հարգելը և մեր ինքնությունը չուրանալն այս ամենի դեմ պայքարի դեղամիջոցներն են»։

--00—ՅՄ