ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրադրությունը և պայմանավորվել Կրեմլի վրա ճնշումը շարունակելու շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը:
Ըստ հաղորդագրության՝ Ուկրաինական հարցի քննարկման ընթացքում «վարչապետը նախագահին տեղեկացրել է «կամեցողների կոալիցիայի»՝ Փարիզում կայացած հանդիպման արդյունավետ քննարկումների մասին»։
«Ղեկավարները համաձայնել են (ՌԴ նախագահ) Պուտինի վրա հավաքական ճնշումը շարունակելու անհրաժեշտության մասին»,- ընդգծել է գրասենյակը։
Բացի այդ, կողմերը քննարկել են համապատասխան թիմերի միջև բանակցությունները «Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի տնտեսական բարգավաճման համաձայնագրի» շուրջ՝ պայմանավորվելով, որ դրանք «նույն տեմպերով կշարունակվեն այս շաբաթ»։
--00—ՅՄ