ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Մարտի 28-ին Բեռնում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Մուրիել Պենըվերի գլխավորությամբ:
Քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ, անդրադարձել միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայկական կողմը բարձր է գնահատել տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին Շվեյցարիայի հետևողական աջակցությունը:
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
--00—ՍՊ