ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհավորել է Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու համար՝ նշելով, որ փաստաթուղթը կարող է ճանապարհ բացել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար, փոխանցում է Ազատությունը:
Ընդգծելով, որ կողմերը վերջնակետին դեռ չեն հասել՝ Գերմանիայի նախագահն ընդգծել է՝ «ցանկալի է, որ երկու կողմերը օգտագործեն այս պատեհ ժամանակը, որպեսզի երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»։
Շտայնմայերը կոչ է արել կողմերին շուտափույթ ստորագրել, վավերացնել ու իրագործել խաղաղության պայմանագիրը։
«Ցանկանում ենք, որ այս բանակցությունների ճանապարհն իր հանգրվանին հասնի և խաղաղություն ստեղծվի և կայունություն հաստատվի։ Մենք այստեղ շարունակելու ենք այդ մասին խոսել, նաև վաղը չէ մյուս օրը Բաքվում մեր մյուս գործընկերների հետ խոսելու ենք այս մասին», - Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախագահը։
Շտայնմայերը նախօրեին է ժամանել Երևան, ապրիլի 2-ին կլինի Բաքվում։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու։
--00—ՅՄ