Գերմանիան հետաքրքրված է Հարավային Կովկասում կայունությամբ. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

.

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր վստահեցնում է, որ Եվրոպան, Գերմանիան հետաքրքրված են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն տիրի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահն այս մասին ասաց Երևանում իր հայ գործընկերոջ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսում: 

Երկու երկրների նախագահները հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: 

«Գերմանիայում և Եվրոպայում շատ մեծ հետաքրքրվածություն ունենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն տիրի»,–ասաց Շտայնմայերը:

Նա գրանցված առաջընթացը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, շատ տպավորիչ համարեց ու շնորհավորեց կողմերին: 

Ըստ Գերմանիայի նախագահի՝ խաղաղության համաձայնագիրը կարող է ճանապարհ բացել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար: Սակայն նա նկատեց, որ կողմերը վերջնակետին դեռ չեն հասել, չեն ստորագրել ու վավերացրել համաձայնագիրը: 

«Ցանկալի է, որ երկու կողմերն օգտագործեն այս պատեհ պահը, որ երկարաժամկետ ու կայուն խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,–ասաց Շտայնմայերը՝ հավելելով, որ Բաքվի իրենց գործընկերների հետ հանդիպման ժամանակ ևս խոսելու են այդ մասին: 

Անդրադառնալով Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերություններին՝ նա նշեց, որ իրեն տպավորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը վերջին տարիների ընթացքում: Գերմանիայի նախագահը խոսեց կանոնավոր փոխադարձ այցերի, բանակցությունների մասին: Խոսելով տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության մասին՝ Շտայնմայերը նշեց նաև ապագայի ներուժի մասին:  

Նա նկատեց, որ Հայաստանի համար ԵՄ-ն կարևորագույն առևտրային գործընկերներից է, Գերմանիան ցանկանում է շարունակել այս համագործակցությունը: 

«Գերմանիայում շատ ուրախ ենք Հայաստանի հետաքրքրվածությամբ ԵՄ–ի, Եվրոպայի նկատմամբ»,–ասաց նախագահը՝ հավելելով՝ գիտեն, որ դա շատ մեծ համարձակություն է պահանջվում՝ երկար տարիների կախվածությունները հաղթահարելու, վերակողմնորոշվելու, անվտանգության ոլորտի, տնտեսական կախվածությունները հաղթահարելու առումով:

Գերմանիայի նախագահը շեշտեց՝ հուսով են, որ Հայաստանը կհաջողի այս ճանապարհին: Նա անդրադարձավ նաև եվրոպական, գերմանական կողմից գործադրվող ջանքերի մասին՝ ընդգծելով ԵՄ–ի դիտորդական առաքելության ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքը, որ Հայաստանի սահմաններն ավելի ապահով դառնան: «Շատ քաջալերող է Հայաստանում լսել, թե ինչպիսի դեր ունի այդ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հատկապես սահմանային համայնքներում բնակվողների համար: Առաքելության ներկայությունը լրացուցիչ ապահովության զգացողություն է ստեղծում»,–ասաց Շտայնմայերը:

--00--ԱՀ