ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
«Հենակետ» վերլուծական ՀԿ-ն անդրադարձել է թուրք-ադրբեջանական զորավարժություններին:
«Թուրք-ադրբեջանական համատեղ մարտական կրակով մարտավարական և թռիչքա-մարտավարական զորավարժություններին մասնակցելու նպատակով երեկ Նախիջևան է այցելել Թուրքիայի զինված ուժերի զամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակության հետ հանդիպել է Նախիջևանի ինքնավար հանրապետության մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալըբովը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուսթաֆաևը։
Նշենք, որ իրականացվող զորավարժությունների ժամկետների, մասնակից զորքերի և զինտեխնիկայի թվաքանակի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը, Թուրքիան և Ադրբեջանը համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ անցկացրեցին, որոնք ըստ սցենարի անցկացվում են մի քանի փուլով։ Ենթադրվում է, որ Նախիջևանում տեղի ունեցողը նախապես պլանավորվածի փուլերից է»։