ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Դավիթ Գարեջիի շուրջ զարգացած իրադարձություններին: Նախագահը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է իր՝ նախարար լինելու ժամանակահատվածում պետական սահմանների հարցին: Զուրաբիշվիլիի խոսքով՝ պետական սահմանների հարցն իսկապես երկկողմ օրակարգի կարևոր մաս է հանդիսացել և՛ Ադրբեջանի և՛ Հայաստանի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում:
Նախագահի խոսքով՝ ինքը չի տիրապետում նախարար լինելուց հետոյի տեղեկությանը, այսինքն՝ թե արդյոք 2005 թվականի հոկտեմբերի 19-ից հետո քննարկվել է հարցը:
Նախագահը պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի պատասխանել դատախազության հարցերին ու տեղեկություն փոխանցել:
«Վերջին ժամանակահատվածում ստեղծված խառնաշփոթը հաստատ ուղղված է նախագահի ինստիտուտի թուլացմանը:
Այն ժամանակ, ինչպես էլ այսօր, հավատում էի ու հավատում եմ, որ սերտ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները սահմանների դելիմիտացիայի ու գործն ավարտին հասցնելու կարիք ունեն»,- Aliq.ge-ի հաղորդմամբ՝ ասված է հայտարարությունում:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ