ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են, երկուսի հետ էլ Մոսկվան ցանկանում են կառուցել լիարժեք հարաբերություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ՎԱԼԴԱՅ» ակումբում ունեցած ելույթի ժամանակ։
Պուտինը խոսել է Սումգայիթյան ջարդերի ու հայ ժողովրդի նկատմամբ դաժանությունների մասին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված դաժան հանցագործություններից»,- ասել է նա:
ՌԴ նախագահը նշել է` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարումից ի վեր ընդհանուր առմամբ երկու կողմից գրեթե 5 000 զոհ կա: Նա ընդգծել է` ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են հասնել կարգավորման, սակայն Ռուսաստանն այս հարցում առավել հետաքրքրված է, քան մյուսները:
Պուտինն ասել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, ընդգծել է` օրվա մեջ մի քանի անգամ զրուցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ռուսաստանը երբեք չի չարաշահել պետությունների, այդ թվում` ՆԱՏՕ-ի անդամների, միջև բախումները».- նշել է նա:
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կօգնեն ԼՂ հակամարտության կարգավորմանը:
«Ռուսաստանը Թուրքիայի հետ տարաձայնություններից չի զգուշանում: Անկարան հետաքրքրված է համագործակցության շարունակմամբ»,- ասել է նա` հավելելով, որ իրենք այնպիսի դիրք են ընդունում, որը կօգնի շահել երկու կողմի վստահությունը:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԼՂ հակամարտությանը միջամտելու դրդապատճառներին` Պուտինը նշել է.
«Չգիտեմ` ինչպես է նա վերաբերվում օսմանյան ժառանգությանը: Դա պետք է իրեն հարցնեք»:
ՌԴ նախագահը նշել է` Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում:
«Եթե ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները 30 տարի արդյունք չեն տվել, դա դեռ չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»,- ասել է նա:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։
Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:
Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
--00--ԱԹ