ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների ցուցակի ընդլայնումը պայմանավորված չէ իրանական միջուկային խնդրի լուծմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ Վիեննայում շարունակվող բանակցությունների հետ: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
Երեքշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԵՄ պատժամիջոցների կիրառումը, ասել էր, որ եթե այս որոշումը դիտավորյալ է կայացվել Վիեննայի բանակցությունների ամենաթեժ պահին, ապա դա «այնպիսի սխալ է, որը հանցագործությունից էլ վատ է»:
«Սա ոչ մի կապ չունի ԳՀՀԾ շուրջ ընթացող գործընթացի հետ, դրանք առանձին խնդիրներ են, մարդու իրավունքների ոլորտում ԵՄ պատժամիջոցների ռեժիմը ոչ մի կերպ չի փոխում մեր հավատարմությունը ԳՀՀԾ-ին»,-ասել է Ստանոն:
Ըստ նրա՝ նոր ցուցակներն ընդունվել են պատժամիջոցների ռեժիմի տարեկան վերանայման շրջանակում, որն ուժի մեջ է 2011 թվականից: Ստանոն հավելել է, որ սահմանափակումների այս ռեժիմը ամեն տարի երկարաձգվում է՝ Իրանում մարդու իրավունքների շարունակական խախտումների պատճառով:
«ԵՄ պատժամիջոցները, որոնք երեկ սահմանվել են 8 անձի և երեք կազմակերպության նկատմամբ, կապված են Իրանում 2019-ի նոյեմբերին ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնության գործում նրանց դերի հետ: ԵՄ պատժամիջոցները ունեն հստակ իրավական հիմք և համապատասխանում են միջազգային իրավունքին», -ընդգծել է եվրոպացի պաշտոնյան:
--00—ՄՀ