ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին նետված ՀՀ զինծառայողների աճյունների մասին վկայող երեկ մամուլում հրապարակված լուսանկարները և ապա տարածված տեսանյութն առաջ են բերել հանրության, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների արդար վրդովմունքն ու տարակուսանքը։ Այս մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունում։
«Որևէ պաշտոնական հայտարարություն և բերված պատճառաբանություն չի կարող արդարացնել նման անհարգալից վերաբերմունքը մեր ժողովրդի հերոս զավակների մասունքների նկատմամբ։ Հայրենիքի պաշտպանության և մեր ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի համար նահատակված քաջորդիների աճյունները, անկախ դրանց առնչությամբ իրականացվող գործընթացների, պետք է արժանանան պատշաճ ուշադրության։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստագույնս դատապարտում է կատարվածը։ Այսօրինակ երևույթներն ավելի են խորացնում պատերազմի արհավիրքը վերապրած մեր ժողովրդի ցավն ու տառապանքը և անվստահություն հարուցում պետական պատկան կառույցների նկատմամբ, որոնք կոչված են օր առաջ կարգավորելու առկա զգայուն խնդիրները»,- նշված է հաղորդագրությունում։
--00—ՄՀ