ԱԳ նախարարի հրաժարականը որակում եմ պատասխանատվությունից խուսափելու փորձ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Երբ 44-օրյա պատերազմի ավարտից հետո իշխանությունը մեղավորությունը բարդեց բոլորի վրա, բացառությամբ իրենց, ապա զարմանալի չէ, որ զինծառայողների դիերի պահման մեղքը պետք է ստորին օղակների վրա բարդեին: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

«Չեմ ընդունում այն պատճառաբանությունը, որ չէինք կարող վերահսկել իրավիճակը․ նախարարն անձամբ պետք է շրջեր բոլոր դիահերձարաններով և վերահսկեր իրավիճակը: Մենք հետպատերազմական Հայաստանում էինք, որտեղ ահռելի քանակով չճանաչված դիեր կան, և նման դեպքերից խուսափելու համար բոլոր միջոցները պետք է ձեռք առնվեին, ինչը չի արվել: Եթե չեք կարողացել կառավարել, տարրական հարցերը, ուրեմն չեք կարող ապագայում ստանձնել երկրի վերաբերյալ պարտավորությունները»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով արտգործնախարարի հրաժարականին՝ Աննա Կոստանյանը նշեց,որ Արա Այվազյանը պարտավորությունները ստանձնել էր հետպատերազմական իրավիճակում՝ շատ լավ իմանալով՝ ինչ խնդիրների, մարտահրավերների առջև ենք կանգնած։

«Եթե իրականում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այլևս հանդուրժել չէր կարող, պետք է ուղիղ տեքստով բացատրեր հանրությանը, թե ինչ գաղտնի իրողություններ կան, որոնք թաքցվում են ժողովրդից։ Սա որակում եմ պատասխանատվությունից խուսափելու փորձ»,-շեշտեց Կոստանյանը:

Պատգամավորը նշեց, որ հաճախ է այցելում Գորիսի սահմանամերձ հատվածներ, հանդիպում սահմանապահ բնակիչների հետ,։ Նրանց համար  իրավիճակն անհասկանալի է, քանի որ հստակ տեղեկություն չկա, թե բանակցային ինչպիսի պրոցես է ընթանում։

«Բանակցությունները մեկ դադարում են, մեկ վերսկսվում են, չենք հասկանում, թե ո՞ր փուլում են, ի՞նչ պայմանավորվածությունների շուրջ են բանակցություններն ընթանում: Անհասկանալի քաոս է, ժողովուրդը գտնվում է ապատիկ վիճակում: Երևանում մեկ այլ իրականություն է, մարզերում՝ մեկ այլ, և սա լավ բան չի հուշում: Քաղաքական ուժերը նախընտրական իրավիճակի մեջ են, և երբեմն տպավորություն եմ ստանում, որ գերիների, զոհվածների և ֆիզիկական խեղում ձեռք բերած զինծառայողների մասին մոռացվում է»,-հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։