ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի քույրը՝ Հուրի Փաթափությանը, երեկվանից աշխարհի բոլոր երկրներից բազմաթիվ զանգեր է ստանում: Արտեմի միակ ու սիրելի քրոջը նույնպես շնորհավորում են եղբոր մրցանակի առթիվ:
«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Հուրին անկեղծանում է. «Իմ եղբայրը շատ-շատ մրցանակներ է ստացել, դեռ անցյալ շաբաթ Իսպանիայում հեղինակավոր մրցանակ ստացավ: Բայց ես իրեն միշտ ասում էի՝ Արտե՛մ, այս բոլոր մրցանակները՝ մի կողմ, ես սպասում եմ Նոբելյան մրցանակի, դու մի օր Նոբելյան ես ստանալու: Ծիծաղում էր, ասում էր՝ ո՛չ, քույրս, որտեղի՞ց Նոբելյան մրցանակ, այդպիսի բան չի կարող լինել»:
Նոբելյան մրցանակի առաջադրվելու մասին տեղյակ չեն եղել ո՛չ Արտեմը, ո՛չ ընտանիքը: Երեկ կեսգիշերն անց՝ ժամը երկուսին, Նոբելյան կոմիտեից զանգահարել են ԱՄՆ՝ Փաթափությանի ծնողների բնակարան, լուրը հաղորդել: Ծնողները թեեւ լավ տիրապետում են անգլերենին, բայց չեն հասկացել, թե գիշերվա կեսին ինչ են խոսում հեռախոսի մյուս ծայրից: Անջատել են, նորից են զանգել: Երբ Արտեմի անունը լսել են, տվել են նրա տան հեռախոսահամարը: Ծնողները բնակվում են Լոս Անջելեսում, Արտեմը՝ Սան Դիեգո քաղաքում: Լուրը կայծակնային արագությամբ տարածվել է՝ Արտեմ Փաթափությանը ստացել է բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի ոլորտի այս տարվա մրցանակը:
--00--ԱԹ