Իմքայլական նախկին պատգամավորը՝ դեսպան

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24 News  

Ենգիբարյան

Իմքայլական նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Գերմանիայում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Վիկտոր ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,- ասված է նախագահի հրամանագրում:

Կենսագրությունը

Ծնվել է 1981թ. հուլիսի 11-ին Թալինում:



2002թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը: 2004թ.՝ Բոխումի համալսարանի (Գերմանիա) հասարակագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ եվրոպագիտություն եւ միջազգային կորպորացիաների կառավարում մասնագիտացմամբ: 2003թ.՝ Հագենի հեռակա համալսարանի (Գերմանիա) եւ 2011թ.՝ Լոնդոնի Պառլամենտական միջազգային կենտրոնի վերապատրաստման ծրագրերը: 2018թ.՝ Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի (ԱՄՆ) հանրային կառավարում դասընթացը:



2004-2005թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ Միացյալ ազգերի կազմակերպության համատեղ ծրագրի ականադաշտերի քարտեզագրող: 2006-2018թթ.՝ Միջազգային եվրոպական շարժման հայաստանյան խորհրդի հիմնադիր նախագահ: 2008-2010թթ.՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կառավարման խորհրդի անդամ: 2011-2013թթ.՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ծրագրերի ղեկավար:



2002-2004թթ. եղել Հայ ակադեմիականների միության գործադիր խորհրդի անդամ: 2011 թվականից՝ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ամսագրի խմբագրական խորհրդի անդամ:



2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:



Հեղինակ է հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների:



Ամուսնացած է, ունի երկու զավակ:

--00--ԱԹ