ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24 News
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեին, ՄՖԿ Հայաստանի գրասենյակի ղեկավար Արման Բարխուդարյանին եւ ՄՖԿ «Հայաստանում տնտեսական աճ» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին` նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։ Որպես առանցքային ուղղություններ՝ նախարարն առանձնացրել է կապիտալի շուկայի զարգացումը, մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը, այլընտրանքային էներգետիկան, պետություն-մասնավոր համագործակցությունը, ՓՄՁ զարգացումը եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը:
Ըստ աղբյուրի՝ Իվանա Ֆերնանդես Դուարտեն շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ նշել, որ այս պաշտոնում սա իր առաջին այցն է Հայաստան, եւ ներկայում քննարկվում են ՀՀ կառավարության նախանշած բարեփոխումներին ՄՖԿ հնարավոր մասնակցության ձեւաչափերը: Դուարտեն եւս կարեւորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ նշելով, որ ՄՖԿ-ն առաջնային է համարում Հայաստանում ֆինանսական հատվածի, կայուն էներգետիկայի եւ ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանն ուղղված քայլերը:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն-Միջազգային ֆինանսական կորպորացիա համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
--00--ԱՀ