ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այցելել է գլխավոր դատախազություն։ Այս տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Մենք մի քանի օր առաջ օրենքով սահմանված կարգով ծանուցում էինք ուղարկել Սեյրան Օհանյանին և նրան փոխկապակված անձանց՝ դատախազություն հրավիրելու համար, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու նպատակով», - նշեց Աբրահամյանը։
Նա ասաց, որ Օհանյանն ու իրեն փոխկապակյցված անձինք ներկայացել են դատախազություն, ծանոթանալու նպատակով ստացել են համապատասխան նյութերը, և գործընթացը գտնվում է այդ փուլում։ «Ավելին տեղեկություն չեմ կարող հայտնել, այդ թվում նաև գույքերի վերաբերյալ», - հավելեց Գոռ Աբրահամյանը։
Ըստ նրա՝ քրեական գործ չի հարուցվել։ «Խոսքն ապօրինի գույքի բռնագանձման մասին է, որը քրեական գործի վարույթ չէ, լրիվ ուրիշ վարույթ է։ Ինչպես գիտեք, հետագայում դատարանով քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական պորցեսներով է իրականացվում, այսինքն՝ քաղաքացիական հայցի ներկայացման շրջանակներում է այս գործընթացն իրականացվել», - եզրափակեց ԳԴ խորհրդականը։
Դեկտեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք էր դրել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը: Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Համաձայն տեղեկատվության՝ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել էր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի, երկրոդ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի օրինականությունը։ Նախկինում ևս դատախազությունը չէր մանրամասնել, թե ինչ գույքի մասին է խոսքը։
Սեյրան Օհանյանը չի ընդունում դատարանի կողմից կալանքի որոշումը, հերքում է ապօրինի ծագում ունեցող գույք ունենալու մասին տեղեկությունը։
--00--ԿԿ