ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Թուրքիայում մի խումբ սիրիացի փախստականներ նախատեսում են շարասյուն կազմել և հասնել Եվրամիության (ԵՄ) սահմաններ։ Նշվում է, որ շարասյուն կազմելու ծրագրերը նախապատրաստվում են վիրտուալ միջավայրում՝ 6 օր առաջ ստեղծված և արդեն 70.000 հետևորդ ունեցող Telegram ալիքի միջոցով։
Ծրագրի կազմակերպիչները փախստականներին կոչ են անում իրենց հետ բերել քնապարկեր, վրաններ, փրկարարական բաճկոններ, ջուր, պահածոներ և առաջին օգնության պարագաներ:
«Երբ գա գնալու ժամանակը, մենք կհայտրարենք այդ մասին», - AFP-ին ասել է 46-ամյա փախստականը, որը չի ցանկանացել բացահայտել իր անունը: Նա նաև նշել է, որ կազմակերպիչների մի մասն ապրում է ԵՄ-ում։
Telegram-ի այդ ալիքում տարածված հրապարակման մեջ ընդգծվել է. «Մենք 10 տարի է Թուրքիայում ենք և պաշտպանված ենք։ Բայց արևմտյան երկրները պետք է կիսեն այդ բեռը»:
Թուրքիայում 3․7 միլիոն սիրիացի փախստական է ապրում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ ամիսներին հայտարարել էր, որ պատրաստվում են կամավոր հիմունքներով ետ ուղարկել 1 միլիոն սիրիացի փախստականների։ Հարկ է նշել, սակայն, որ սիրիացի փախստականներից ոչ բոլորն են պատրաստ և ցանկանում վերադառնալ Սիրիա։
Դեռևս 2020-ին թուրքական իշխանությունների այն հայտարարությունից հետո, թե իրենք չեն կանգնեցնի այն փախստականներին, ովքեր կցանկանան անցնել Եվրոպա, հազարավոր ներգաղթյալների հավաքվել էին Հունաստանի սահմանի մոտ։
--00—ԶՀ